Առաջին եռաշերտ կենդանիներն են։ Երրորդ սաղմնային թերթիկը՝ մեզոդերմը ներկայացված է պարենքիմայով և առանձին մկանային հյուսվածքով:Մարմինը տափակեցված է դորզովենտրալ ուղղությամբ և ձգված է երկարությամբ, խոռոչ չունի։

Ներքին օրգաններ

Ներքին օրգաններն ընկղմված են պարենքիմայի մեջ։ Այդ պատճառով տափակ որդերին հաճախ անվանում են պարենքիմային։ Ցածր աստիճանի կազմավորված կենդանիներ են։ Տափակ որդերն առաջին կենդանիներն են, որոնց մոտ երևան են եկել մարմնի երկկողմ համաչափությունը, մարսողության և արտաթորության օրգանները։ Սրանց մոտ առաջին անգամ դիտվում է նաև կենդանու վարքագիծը կարգավորող կենտրոնական նյարդային ապարատ՝ զույգ ուղեղային հանգույցներ: Վերջիններից սկիզբ են առնում երկայնակի նյարդային բներ, որոնք միանում են իրար լայնակի նյարդային թելերով։